2016-12-15

Տարրերի պարբերական համակարգ

Ռուս քիմիկոս Դ.Ի.Մենդելեևը XIX դարի վերջին հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։ Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի։ Ատոմի միջուկի լիցքի մեծացմանը զուգընթաց օրինաչափորեն փոխվում են ատոմի էլեկտրոնային թաղանթների և արժեքական էլեկտրոնների թիվը, հետևաբար՝ նաև արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը։ Պարբերական համակարգը բաղկացած է 7 պարբերությունից, 10 շարքից և 8 խմբից։ Խմբերը պարբերական համակարգում դասավորված են ուղղահայաց։ Որպես կանոն՝ տարրերի օքսիդացման բարձրագույն դրական աստիճանը հավասար է համարին։ Բացառություն են ֆտորը, արծաթը, ոսկին, պղինձը։ Յուրաքանչյուր խումբ բաժանված է 2 ենթախմբի՝ գլխավոր (Ա) և երկրորդական (Բ)։ Միևնույն ենթախմբում իրար տակ գտնվում են նման հատկություններ ունեցող և իրարից օրինաչափորեն տարբերվող տարրերը։ Գլխավոր ենթախումբը կազմում են տիպիկ տարրերը և մեծ պարբերությունների առաջին 2 և վերջին 6 տարրերը։ Երկրորդական ենթախումբը կազմում են միայն մեծ պարբերությունների մյուս տարրերը, որոնք միայն մետաղներ են։ Գլխավոր և երկրորդական ենթախմբերի տարրերն իրարից տարբերվում են քիմիական հատկություններով։ Պարբերությունը կարգահամարի աճման կարգով իրար հաջորդող տարրերի շարք է։ Պարբերական համակարգը կազմված է 7 պարբերությունից. I, II և III պարբերությունները կոչվում են փոքր, իսկ IV, V, VI և VII-ը՝ մեծ։ Յուրաքանչյուր պարբերություն, բացառությամբ առաջինի, սկսվում է ալկալիական մետաղով և ավարտվում իներտ տարրով։ II և III պարբերությունների տարրերը կոչվում են տիպիկ տարրեր։ Դրանց հատկությունները տիպիկ մետաղականից մինչև իներտ տարրերը փոխվում են օրինաչափորեն։ Համակարգը բաղկացած է 10 շարքից։ Յուրաքանչյուր փոքր պարբերություն կազմված է 1 շարքից, իսկ մեծ պարբերությունները՝ 2-ական շարքերից՝ զույգ և կենտ։ Հիմնական հատկանիշը, ըստ որի մեծ պարբերությունները բաժանվում են 2 շարքի, տարրերի օքսիդացման աստիճանն է։ Այն 2 անգամ կրկնվում է տարրերի ատոմական զանգվածների աճմամբ՝ անցնելով տարրերի եռյակներից։VI պարբերությունում լանթանից անմիջապես հետո տեղաբաշխված են 14 տարրեր՝ 58–71 կարգաթվերով, որոնց անվանում են լանթանոիդներ (լանթանանմաններ)։ Դրանց քիմիական հատկություններն իրար շատ նման են։ VII պարբերությունում ակտինիումից հետո նույնպես տեղաբաշխված են 14 տարրեր՝ 90–103 կարգաթվերով, որոնց անվանում են ակտինոիդներ (ակտինանմաններ)։ Ի տարբերություն լանթանոիդների՝ ակտինոիդների հորիզոնական համանմանությունը թույլ է արտահայտված։ Լանթանոիդներն ու ակտինոիդները տեղաբաշխված են պարբերական համակարգի ներքևում, իսկ լանթանի և ակտինիումի վանդակներում դրանք ցույց են տրվում համապատասխանաբար մեկ և երկու աստղանիշերով (* և **)։

Комментариев нет:

Отправить комментарий